ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հերքել է «միջանցքային թեմայի» խոսակցությունները։
«Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական շրջանառումը ոչ այլ ինչ է, քան 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ»,– ասել է վարչապետը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ հայտարարության 9-րդ կետում ոչ մի տեղ և ոչ մի կերպ չի հիշատակվում «միջանցք» բառը։
«2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և կապ չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ»,– նշել է Փաշինյանը։
Այս պայմանավորվածությունների միջև ցանկացած զուգահեռներ Հայաստանի վարչապետը որակել է մանիպուլյատիվ։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով միջանցք բացելու նախագծի իրականացման հետ կապված որևէ խնդիր չի տեսնում:
Էրդողանը նշել էր, որ Պրահայում նեղ մասնագիտական հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: