ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի հետ

Համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին նախարար Դումանյանը չի մասնակցելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։
«Խոսել են բուհերի խոշորացման թեմայի շուրջ։ Եղել է կառուցողական զրույց»,– նշեց Մելիքբեկյանը։
Ի դեպ` համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին նախարար Դումանյանը չի մասնակցի ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Նրա փոխարեն նիստին ներկա կլինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Sputnik Արմենիայի մյուս ճշտող հարցերին նախարարության մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել։
Հիշեցնենք, որ բուհերի խոշորացման գործընթացի մասին արդեն մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշել էր, որ 16 պետական բուհերից նախատեսվում թողնել 8-ը:
Հոկտեմբերի 12–ին ֆեյսբուքյան իր էջում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել բուհը։
Այս լուրից հետո Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ դասադուլ հայտարարեցին և բողոքի ակցիա սկսեցին համալսարանի տարածքում։
Ինչո՞ւ մեր կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում. Բրյուսովի ուսանողները ստորագրահավաք են սկսել