«Իշխանությունը որևէ որոշում չի կայացնի ձեր հետևում». ՀՀ նախագահը` Արայիկ Հարությունյանին

Հայաստանի և Արցախի նախագահները
Վահագն Խաչատուրյանը վստահեցրել է, որ Արցախի հարցը միշտ օրակարգում է. օրակարգում այդ խնդիրը չի կարող չլինել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունը որևէ որոշում գաղտնի չի պահի Արցախից։ Այս հայտարարությունն արել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Մի փաստ պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները որևէ որոշում չեն կարող կայացնել ձեր ետևում կամ ձեզանից գաղտնի պահել: Ցանկացած քննարկման մասին ես տեղյակ եմ, եթե նույնիսկ ներկա չեմ՝ ծանոթանում եմ բոլոր փաստաթղթերին: Արցախի հարցը միշտ բարձրացվում է և օրակարգում կա, մեր օրակարգում այդ խնդիրը չի կարող չլինել: Մենք ուղղակի պետք է լուծման տարբերակը միասին քննարկենք և մեր քաղաքացիներին հասանելի դարձնենք, թե մենք ինչպես ենք պատկերացնում ապագան»,– ասել է Հայաստանի նախագահը:
Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ միշտ տեղյակ է լինում հիմնախնդրի կարգավորման շուրջ առկա քննարկումներին և հնարավոր տարբերակներին:
Արայիկ Հարությունյան
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև անվտանգային և օրակարգային հարցերի լայն շրջանակ:
Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանն այսօր հյուընկալել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հանդիպումը երկու ժամ է տևել։