ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Եվրամիության առաքելության անդամների հետ

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Եվրամիության առաքելության անդամների հետ
Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները մտադիր են հոկտեմբերի 17-ին հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խնդիրների լուծման համար քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան և վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գրիգորյանը կարևորել է առաքելության դերը՝ որպես տարածաշրջանում անվտանգության հավելյալ երաշխիք:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերվող մի շարք հարցեր:
Հիշեցնենք՝ Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները մտադիր են հոկտեմբերի 17-ին հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խնդիրների լուծման համար քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցը:
Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ ևս քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր։