ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները հաջողություներ են արձանագրել։ Այս թեմայով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հոկտեմբերի 13-14-ը կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական Համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նիստի մեկնարկին ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդգծել է երկու երկրների միջև շարունակական համագործակցության և ոլորտում առաջընթացի կարևորությունը։
Բուլղարական պատվիրակության ղեկավար Բոյկո Ռանովսկին իր հերթին նշել է, որ հանձնաժողովի աշխատանքներն արդեն իսկ արձանագրել են հաջողություններ՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև ձեռք բերված համաձայնությամբ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև իրականացվող բեռնափոխադրումների դյուրացման, բեռնափոխադրումների թույլտվությունների քանակի վերանայման, երկրների միջև ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու, «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ համատեղ հանձնաժողովի անդամները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խթանելով երկուստեք առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։