Հայաստանում կամ Թուրքիայում հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա. Հունանյան

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Փաշինյանն ու Էրդողանը պայմանավորվել են հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այլևս չանցկացնել երրորդ երկրներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պաշտոնական Երևանն ու Անկարան որևէ պայմանավորվածություն ձեռք չեն բերել հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հնչել են տարբեր առաջարկներ, այդ թվում` սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկները»,-հավելեց Հունանյանը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներ անցկացնել Թուրքիայի և Հայաստանի տարածքներում:
«Կարգավորման շուրջ մեր չորս հանդիպումները, ցավոք, տեղի են ունեցել երրորդ երկրներում։ Պրահայում մեր նախագահի և Փաշինյանի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումներ անցկացնել Թուրքիայի և Հայաստանի տարածքներում»,- ասել էր Չավուշօղլուն։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։