Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով միջանցքի բացման հետ կապված խնդիր չի տեսնում

Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանում հաղորդակցության բացման հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով միջանցք բացելու նախագծի իրականացման հետ կապված որևէ խնդիր չի տեսնում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Էրդողանը նշել է, որ Պրահայում նեղ մասնագիտական հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Դրանից հետո, իհարկե, մենք պատվիրակությունների մակարդակով հանդիպում ունեցանք ու քննարկեցինք այդ հարցերը։ Բայց ես Զանգեզուրի միջանցքի հետ կապված ոչ մի խնդիր չեմ տեսնում», - Աստանայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Բաքուն պարբերաբար հայտարարում է Հայաստանի Հանրապետության հարավային շրջաններում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» բացելու մտադրության մասին։ Պաշտոնական Երևանը մերժում է արտատարածքային միջանցքի գաղափարը, սակայն պատրաստ է բացել ճանապարհները, որոնք կգտնվեն այն երկրների իրավասության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են: