ԵՄ դիտորդների խումբը Հայաստան կժամանի հոկտեմբերի 14-ին. Տոյվո Կլաար

Տոյվո Կլաար
Դիտորդական խումբն ուսումնասիրելու է իրադրությունը, տեղում աջակցելու է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կայունացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ դիտորդների խումբը Հայաստան կժամանի հոկտեմբերի 14-ին։ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այդ մասին գրել է Twitter-ում։

«Այսօր Երևան կժամանի ԵՄ դիտորդների առաջատար խումբը: 27 անդամ երկրներ օպերատիվ արձագանքել են Հայաստանի դիմումին: Տեղակայման նպատակն է ուսումնասիրել իրադրությունը և տեղում աջակցել հայ-ադրբեջանական իրավիճակի կայունացմանը»,- նշել է Կլաարը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը երեկ հայտարարել էր, որ Եվրոպական միությունից տեխնիկական խումբ է ժամանելու հոկտեմբերի 13-ին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել էին Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն էր տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
ԵՄ առաքելությունը գործելու է ՀՀ տարածքում, Ադրբեջանի համաձայնության հարց չկա. ԱԳՆ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀԱՊԿ–ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար պահանջվում է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումը։