Ադրբեջանը կրակել է, հայկական ստորաբաժանումները պատասխանել են. ՀՀ ՊՆ

Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել հակառակորդի կրակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը»,– ասված է հաղորդագրությունում:
Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն են կրակը բացել:
Ըստ ՊՆ–ի` այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։