44-օրյա պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 217 մարդ. Փաշինյանը մեղադրել է Բաքվին

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում
ՀՀ վարչապետը հայտնել է, որ պայմանավորվածություն կա մոտ օրերս կազմակերպել դիերի դուրսբերումը և հույս հայտնել, որ Ադրբեջանը չի խոչընդոտի այդ պայմանավորվածության իրականացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը մշտապես չարաշահել է ռազմագերիների հայրենադարձման հարցը՝ քաղաքական շահերի հասնելու նպատակով։ Այսօր Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, թեև եռակողմ հայտարարությունում խոսվում է բոլոր գերիների անհապաղ փոխանակման մասին։
Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները` որպես բարի կամքի դրսևորում։ Մինչդեռ Ադրբեջանը դրանից հետո հայտարարել է, որ այդ քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%:
Արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ.-ին հաստատված ԱՊՀ երկրների սահմանները. Փաշինյան
«Այժմ, քարտեզները ստանալուց հետո, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը պայմանավորել ԼՂ առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմամբ։ Ցանկանում եմ նշել, որ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներից հետո հայկական կողմից ևս կային անհայտ կորածներ։ Առաջին պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 777 մարդ, իսկ երկրորդ պատերազմից անհայտ կորած է համարվում 217 մարդ, որից 196-ը զինվորականներ են, իսկ 21-ը՝ քաղաքացիական անձինք։ Այս տարեսկզբի մեր հանդիպումների ժամանակ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք համագործակցել անհայտ կորածների խնդրի ողջ սպեկտրում և արդեն միակողմանիորեն հանձնել է գերեզմանների մի քանի քարտեզներ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հարյուրավոր զոհերի աճյուններ»,– ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտել է, որ ադրբեջանական կողմը 30 տարի մերժում էր ականազերծման կամ որևէ այլ մարդասիրական գործունեության ոլորտում համագործակցության առաջարկները, և իր անհայտ կորած քաղաքացիների կամ ականների մասին հիշել է միայն Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից և այն բանից հետո, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը սկսեց խոսել ադրբեջանցի զինվորականների կողմից կատարված ռազմական հանցագործությունների, Ադրբեջանում ապօրինի պատանդ պահվող հայ ռազմագերիների մասին։
Անհիմն հայտարարություններ են. Փաշինյանը` ադրբեջանական դեսպանատների դեմ հարձակումների մասին
«Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն այս փաստն արդեն հստակ ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները։Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում»,– հայտարարել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հայտնել է, որ պայմանավորվածություն կա մոտ օրերս կազմակերպել դիերի դուրսբերումը և հույս է հայտնել, որ Ադրբեջանը չի խոչընդոտի այդ պայմանավորվածության իրականացմանը։