Ոչինչ կտրուկ չի փոխվելու. Վահրամ Դումանյանը` 3 բուհերի միավորման մասին

Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները
Անդրադառնալով Բրյուսովի ուսանողների դասադուլին` նախարարը հայտարարեց, որ զարմացած է բուհի ռեկտորի այն հայտարարությունից, թե իրենք տեղյակ չէին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախաարար Վահրամ Դումանյանը հաստատեց, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը կմիանա Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու կդառնա Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։
Դումանյանը այս մասին հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Կառավարությունը շրջանառում է այն որոշումը, ես բացահայտ եմ ասում` այո՛, շրջանառվում է երեք բուհերի միավորման նախագիծը, համապատասխան կարգով որոշում կկայացվի ու կանցնենք առաջ»,–ասաց Դումանյանը։
Նրա խոսքով` ոչինչ կտրուկ չի փոխվելու, ու պրոցեսն ընդամենը բարձրագույն կրթության որակի բարելավման համար է։
«Պրոֆեսորադասախոոսական կազմից որևիցե հաստիք չի կրճատվելու։ Պարզ է` երկու ռեկտորի հաստիք պակաս կլինի։ Բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։Երեք շենքերն էլ պահպանվելու են, բոլորն էլ մնալու են այնտեղ, որտեղ կան, ոչ մի տեղափոխություն չի լինելու»,–ասաց նա։
Ըստ Դումանյանի` բուհերը կմնան իրենց տեղերում այնքան ժամանակ, քանի դեռ չի իրագործվել ակադեմիական քաղաքի գաղափարը, որից հետո բոլոր բուհերը կունենան ավելի լավ պայմաններ։
Անդրադառնալով Բրյուսովի ուսանողների դասադուլին` նախարարը հայտարարեց, որ զարմացած է բուհի ռեկտորի այն հայտարարությունից, թե իրենք տեղյակ չէին այդ մասին։
«Բուհերի խոշորացման կարգը չի ենթադրում ծանուցում, սակայն մենք այդպես չենք առաջնորդվում մեր աշխատանքում։ Զարմացած եմ ռեկտորի նման հայտարարությունից, որ իր համար դա եղել է անակնկալ։ Քննարկումն այդ հարցի շուրջ եղել է օգոստոսի 5–ին, և բուհերի ռեկտորների հետ անձամբ ես եմ հանդիպել և ասվել է, որ կա նման գաղափար, և դա նոր չէ, տարիներ շարունակ այդ մասին խոսվել է, և ես հայտարարել եմ, որ հնարավոր է` դա մտնի գործնական փուլ»,–ասաց Դումանյանը։
Նա հայտնեց, որ Բրյուսովի համալսարանի ռեկտորի հետ քննարկել է նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը, որը ենթադրում է, որ կարգի համաձայն` հոկտեմբերին պետք է մրցույթ հայտարարվի։
«Ես ասել եմ, քանի որ մենք նման գաղափար ունենք, որքանով է հիմնավորված, եթե մենք գնանք այդ ճանապարհով, որքանով է նպատակահարմար մրցույթ անցկացնել, եթե պետք է այդպիսի գործընթաց սկսենք։ Մեզ բուհից ասացին` միգուցե այլ կոնցեպտ քննարկենք, մենք էլ ասել ենք, որ բաց ենք, հաճույքով ցանկացած գաղափար կքննարկենք։ Մեզնից մեկ շաբաթ ուզեցին կոնցեպտ ներկայացնելու համար, բայց մինչ օրս սպասում ենք»,– ասաց նա։
Դումանյանի խոսքով` ապագայում, կրթական ռազմավարության համաձայն, երբ Հայաստանում կստեղծվեն մինչև 8 բուհեր, կվերանայվեն մասնագիտությունների ցանկը, որպեսզի 3–4 բուհում չլինի նույն մասնագիտությունից ու ֆակուլտետից։
Հիշեցնենք` Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ երեկ` հոկտեմբերի 12-ին, դասադուլ և ստորագրահավաք էին անցկացնում համալսարանի տարածքում։ Համալսարանի ղեկավարությունը ուսանողներին հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը որոշել է համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու դարձնել Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։
Նշենք, որ գործընթացի մասին մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և սեպտեմբերի 1–ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 16 պետական բուհերից նախատեսվում թողնել առավելագույնը 8-ը:
ԿԳՄՍՆ–ի` լավագույն 4 բուհերին առնչվող ձևակերպումն իր բնույթով պոպուլիստական է. Սողոմոնյան