ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերին Վերին Լարսի սահմանային անցակետում ստեղծված իրավիճակի պատճառով Երևանի բազմաբնակարան շենքերի համար նախատեսված հարյուրավոր վերելակները Հայաստան չեն ներկրվել։
Այս մասին ՀՀ կառավարությանը տեղյակ է պահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` միաժամանակ առաջարկելով ժամկետային որոշ փոփոխություններ կատարել վերելակների տեղադրումով ու սպասարկմամբ զբաղվող «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ընկրության կնքված պայմանագրում` սահմանված վերջնաժամկետը հետաձգելով 30 օրով։
Նախարարության ներկայացրած պարզաբանման համաձայն, Հայաստան ներկրվող 467 վերելակները շուրջ 2 ամիս մնացել են Վերին Լարսի անցակետում։
Նշված հանգամանքի պատճառը ՌԴ-ից Վրաստանի Հանրապետության Լարսի սահմանային անցակետում տևական կուտակումներն էին։ «Պայմանագրերով նախատեսված ըստ չափաբաժինների աշխատանքների ավարտի համար նախատեսված 150 աշխատանքային օրերից 60 օրը մատակարարը կորցրել է Լարսի անցակետում առաջացած կուտակումների պատճառով»,– ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։
Հիշեցնենք` Երևանի բազմաբնակարան շենքերի հարյուրավոր վերելակների մեծ մասի շահագործման ժամկետներն արդեն ավարտված են, և քաղաքապետարանը որոշել է դրանք փոխարինել նորերով։
Ի սկզբանե նախատեսված էր 2022 թվականին փոխարինել 426 վերելակ, սակայն, հաշվի առնելով շահագործման ժամկետն ավարտած վերելակների քանակը, որոշվեց դրանց թիվն ավելացնել մինչև 467–ի։