ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Նա այդ մասին գրել է Twitter–ի իր էջում և Կուլեբայի հետ լուսանկար հրապարակել։
«Կիևյան բունկերում արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Փորձում ենք առաջընթացի հասնել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ միջուկային անվտանգության և պաշտպանության գոտի ստեղծելու հարցում»,- գրել է Գրոսին։
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը հոկտեմբերի 11-ին հանդիպել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: