ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հստակ հասկացրել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն Իրանի կողմից կարժանանա վճռական պատասխանի։ Տեղեկությունը հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
«Մերժվում է նաև ցանկացած պատրվակով եվրոպական ռազմական ներկայություն։ Արևմուտքը չի կարող մեզ շեղել Իրանի ժողովրդի ռազմավարական շահերից։ Մենք եվրոպական ռազմական ներկայություն և միջազգային սահմանի փոփոխություն չենք հանդուրժի»,– հայտնել է Ջամշիդին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։