Պայմանագրային զինծառայողներին հավելավճարի իրավունք կտրվի

Հայ զինծառայողները միջազգային զորավարժություններին
Կառավարության հաշվարկով հավելավճարի սահմանումը 2023 թվականից սկսած տարեկան մինչև 60 մլրդ դրամի ծախս կառաջացնի պետական բյուջեում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կամավոր ատեստավորում անցնելուց հետո կբարձրանա։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ներկայացնելով համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթը։
«Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով, անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող, պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար հավելավճար սահմանելու, հավելավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ պայմանավորելու և դրանով իսկ` արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությամբ»,– հայտնեց նախարարը։
Պապիկյանը ասեց, որ առաջին անգամ ատեստավորումը չանցնելուց հետո նոր կարգավորմամբ զինծառայողին կրկնակի ատեստավորման հնարավորություն կտրվի` տարեկան մինչև 2 անգամ։ Արդեն իսկ հավելավճար ստացող զինծառայողները կկարողանան ատեստավորվել 3 տարին մեկ անգամ` հավելավճարի ստացման իրավունքը պահպանելու համար։
Հավելավճարի չափը սահմանվելու է կառավարության որոշմամբ, իսկ հավելավճարի իրավունք ունեցող զինվորական պաշտոնների ցանկը կսահմանվի պաշտպանության նախարարի հրամանով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ հերթական օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց ու նրանց ընտանիքների բարեկեցության ապահովմանը։ Վարչապետը հիշեցրեց, որ զինծառայողների բնակապահովման խնդրի վերաբերյալ կառավարությունն արդեն մի քանի ծրագրեր է ընդունել։ Այս քայլով փորձում է նաև աշխատավարձի ավելացման հարցը լուծել։
«Մեր պրոֆեսիոնալ բանակի զինծառայողը պիտի չունենա բնակարանի խնդիր, պիտի չունենա հացի խնդիր, եթե շատ պարզ ձևակերպենք` պիտի չունենա ընտանիքի անդամների առողջապահության կարիքների ապահովման և երեխաների ուսումը կազմակերպելու խնդիր։ Այս 4 հիմնասյուների վրա է կառուցված լինելու մեր պրոֆեսիոնալ բանակի հայեցակարգը` սոցիալական երաշխիքների մասով, և այս որոշումը այդ շարքի կարևոր որոշումներից է»,– ասաց Փաշինյանը։
Կառավարության հաշվարկով հավելավճարի սահմանումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն` տարեկան մինչև 60 մլրդ դրամ:
Քննարկման ավարտին կառավարությունը հաստատեց ՊՆ-ի առաջարկած օրինագծերի փաթեթն, ու այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։