Մոսկվա-Երևան-Բաքու հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը կձախողվեն. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ՊՆ
Նշվում է, որ նման պոռթկումները Արևմուտքի հակառուսական տրամաբանության մեջ են և վկայում են այն մասին, որ փորձ է արվում Ուկրաինայից առճակատման տրամաբանությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատվածներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվա -Երևան- Բաքու հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկման։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ–ից։
«Էմանուել Մակրոնի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն իբր ԼՂՀ հակամարտությունն օգտագործում է Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու համար, աղաղակող և բացարձակ անընդունելի ենք համարում։ Նման պոռթկումները Արևմուտքի հակառուսական գծի և Ռուսաստանին հրեշացնելու հունի մեջ են և վկայում են այն մասին, որ փորձ է արվում Ուկրաինայից առճակատման տրամաբանությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատվածներ, այդ թվում` Հարավային Կովկաս։ Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը խոսում են այն մասին, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում և հարցականի տակ է դնում սեփական երկրի ունակությունն այդ հարցում կառուցողական դեր խաղալու առումով», – ընդգծել են ՌԴ ԱԳՆ–ից։
Գերատեսչությունից հիշեցրել են, որ ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ Բաքվի և Երևանի միջև սրացման շրջանում սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնականում աջակցում էր հակամարտության կարգավորմանը։
«Մեր երկիրը վճռորոշ ներդրում ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հարցում, որը վերջ դրեց արյունահեղությանը։ Նշված պայմանավորվածության համաձայն տեղակայված խաղաղապահ զորախումբը շարունակում է անվտանգության երաշխիք մնալ տարածաշրջանում», – հավելել են ՌԴ ԱԳՆ–ում։
Նշվում է, որ հենց Ռուսաստանն է գործարկել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման աշխատանքը... Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի կնքման, հասարակության և փորձագետների գծով երկխոսության հաստատման ուղղությամբ։
Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը նպատակաուղղված սրելու մեջ։