ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի տարածքում «Թուրքական հոսք» գազատարը պայթեցնելու փորձի ժամանակ դիվերսանտներ են ձերբակալվել։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մի քանի դիվերսանտի են ձերբակալել, որոնք ցանկացել են գազատարը պայթեցնել մեր տարածքում», - ասել է նա:
Հիշեցնենք` հոկտեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Կիևը փորձել է պայթյուն իրականացնել «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկում:
Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, մեկնաբանելով այդ առաջարկը, հայտնել էր, որ այն տեխնիկապես հնարավոր է և պետք է հանգամանորեն ուսումնասիրվի։