ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու (18-19 դդ.) հիմնահատակ ավերումը ադրբեջանցիների կողմից։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակը։
«Դատապարտում ենք շարունակ իրականացվող մշակութային եղեռնը, որի նպատակը մեկն է՝ զրկել Արցախ աշխարհն իր պատմական ինքնությունից, հայկականության որևէ վկայությունից։ Որդեգրված այս քաղաքականությունը միտում ունի խորացնելու ազգերի միջև ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը և չի նպաստում տարածաշրջանում տևական խաղաղության վերահաստատմանը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ եկեղեցու ավերման մասին պարզ է դարձել ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից հրապարակված արբանյակային տեսագրությունների հետազոտության արդյունքում։
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին միջազգային հանրությանն ու պատկան կառույցներին կոչ է արել հստակ գնահատական տալ այս հանցագործությանը և գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգությունը հետագա վերացումից փրկելու ուղղությամբ։