Կառավարությունը կանանց հնարավորություն կտա զինվորական պատրաստություն անցնել

Կանայք իրավունք կստանան համապատասխան հրաձգարաններում մարտական զենքից կրակային պատրաստություն անցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը որոշել է կանանց հնարավորություն տալ զինվորական պատրաստություն անցնելու։ Այս մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` հավելելով, որ նախարարությունը կանանցից նման խնդրանքով բազմաթիվ նամակներ է ստանում։
«Շուտով ՊՆ–ն հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն։ Սա, իհարկե, ըստ ցանկության։ Մասնակցության համար անհրաժեշտ հագուստը, ժամանակը, ամեն ինչը կհստակեցվի»,– ասաց Պապիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ զենքին տիրապետելն անհրաժեշտ գիտելիք է, որը ոչ մեկի համար ավելորդ չէ։