ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը դեռ չի ուսումնասիրել, թե ինչ ազդեցություն կունենա Հատիսի գագաթին Քրիստոսի արձանի տեղադրման նախագծի իրականացումը։
Պատճառը շատ պարզ է` նախարարությունում «Ծառուկյան» հիմնադրամից ոչ մի նախագիծ չեն ստացել։
«Հատիս լեռան վրա «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան–համալիրի» տեղադրման նախատեսվող գործունեության փաստաթղթերը չեն ներկայացվել շրջակա միջավայրի նախարարության` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»,– ասվում է Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը նախարարության տված պատասխանում։
Հարցը, թե ի՞նչ վնաս են հասցրել բնությանն ու շրջակա միջավայրին լեռան վրա արդեն իրականացված աշխատանքները, նախարարությունն անպատասխան է թողել։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ևս հայտնել էին, որ մինչ օրս հիմնադրամից նախագիծ չի ստացվել։
Պետական համապատասխան մարմիններին նախագիծ ներկայացնելու փոխարեն հիմնադրամը օգոստոսի 29-ին համացանցում հրապարակել էր «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի անիմացիոն տարբերակը։
Նույն օրը հիմնադրամը հայտարարել էր, որ թույլտվությունից ու փաստաթղթերի ամբողջական կարգավորումից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր 2022թ–ի հունվարի 14-ին։
Հուլիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ գործադիրը դեմ չէ շինարարական նախաձեռնությանը:
Իսկ հուլիսի 11-ին ԿԳՄՍՆ–ն հայտարարեց, որ ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը` պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։