ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Կենսաթոշակային հետվճարային համակարգով թոշակառուների կատարած անկանխիկ գործարքների ծավալը սեպտեմբերին` հուլիսի համեմատ, եռակի ավելացել է։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Սեպտեմբեր ամսին ծրագրի մեկնարկի համեմատ ծավալը եռապատկվել է, արդեն ունենք շուրջ 1 մլրդ 200 մլն դրամի անկանխիկ գործարքներ։ Այսինքն` ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք վերադարձնելու ենք մեր թոշակառուներին ու նպաստառուներին»,– ասաց նախարարը։
Մկրտչյանը նաև նշեց, որ իրականում թոշակառուների անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալն ավելի մեծ է` շուրջ 1.4 մլրդ դրամ, պարզապես գործարքների որոշ տեսակներ չեն ընդգրկվում հետվճարի ծրագրում։
«Այս վճարումները մեր թոշակառուները հավանաբար կատարել են ՀՀ տարածքից դուրս ինտերնետային գնումների տեսքով։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հետվճարը տարածվում է բացառապես ՀՀ տարածքում գործող առևտրի և սպասարկման կետերից POS-տերմինալների միջոցով, տվյալ բանկը սպասարկող բանկի «օն–լայն բանկինգ» հավելվածի միջոցով կոմունալ վճարների դեպքում»,– հիշեցրեց սոցապ նախարարը։
Վարչապետ Փաշինյանն էլ ենթադրեց, որ թոռնիկները, առիթից օգտվելով, հավանաբար տատիկ–պապիկների քարտերով շուրջ 200 մլն դրամի օն–լայն գնումներ են կատարել արտերկրից։
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Սոցապնախարարության ավելի վաղ հայտնած տվյալներով` ծրագրի շուրջ 200 000 շահառու հետվճարային համակարգից օգտվելու համար ստիպված պետք է փոխեն իրենց սպասարկող բանկերը ու դառնան վերոհիշյալ 4 բանկերից մեկի հաճախորդ։
Ընդ որում, այս կարգավորման ժամկետը սահմանափակված չէ։
Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությանը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։