ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ եթե Կիևի կողմից ահաբեկչությունը շարունակվի, ՌԴ–ի պատասխանն էլ ավելի կոշտ կլինի։
«Եթե Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչությունը շարունակվի, պատասխանն ավելի կոշտ կլինի»,- գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։
Նա նաև նշել է, որ աշխարհում և ոչ մի տեղ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն վարում։
«Ահաբեկչությունների բոլոր հեղինակներն ու կազմակերպիչները պետք է հայտնաբերվեն։ Նրանցից ով դիմադրի, պետք է ոչնչացնել»,- հավելել է Պետդումայի նախագահը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին ԱԽ նիստում հայտարարել էր, որ պաշտպանության նախարարության առաջարկով և գլխավոր շտաբի ծրագրով օդային, ծովային և ցամաքային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ինտենսիվ հարված է հասցվելու Ուկրաինայի էներգետիկ, ռազմական կառավարման և կապի օբյեկտների։
Ինչպես նշել էր ՌԴ ղեկավարը, պարզապես անհնար է անպատասխան թողնել Կիևի ռեժիմի հանցագործությունները։
Նա նաև ընդգծել էր, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ուկրաինական ահաբեկչությունների շարունակման դեպքում պատասխանները կլինեն կոշտ և մասշտաբային՝ կհամապատասխանեն սպառնալիքների մակարդակին։