Անգնահատելի է ձեր ներդրումը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լորիս Ճգնավորյանին

Նիկոլ Փաշինյան
Վարչապետը մաեստրոյին քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ է մաղթել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի 85–ամյակի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Դուք մեր ժամանակակից երաժշտարվեստի այն արվեստագետներից եք, որը հայտնի է իր գործունեությամբ ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ մշակույթի զարգացման և զորացման գործում»,– նշել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ արվեստասեր հասարակությունը Ճգնավորյանին մշտապես հիշելու է նաև որպես մի շարք բարեգործական նախաձեռնությունների հեղինակ:
«Դրանցից ամենանշանակալին, անշուշտ, երկրաշարժից հետո Ձեր «Ուխտագնացություն դեպի Գյումրի» նախաձեռնությունն էր, որի նպատակն ավերված Գյումրիում մշակութային կյանքը վերականգնելն ու Մշակութային ակադեմիայի ստեղծումն էր»,–նշել է նա:
Վարչապետը մաեստրոյին քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ է մաղթել:
Նշենք, որ իրանահայ հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը 2019 թվականին դարձավ ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Իրանի կողմից:
Լորիս Ճգնավորյանը ծնվել է Իրանում 1937 թվականին։ 1975 թվականից ապրել և աշխատել է Վիեննայում, Լոնդոնում: 1978 թվականին Լոնդոնում հիմնել է Հայ երաժշտության ինստիտուտը։
Ճգնավորյանը 1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է եղել:
Լորիս Ճգնավորյան
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին