ԱՄՆ պետդեպը մտահոգված է ռազմագերիների նկատմամբ բռնության նոր հաղորդագրություններով

ԱՄՆ պետդեպը
ԱՄՆ Պետդեպարտամենտում կոչ են արել միջադեպերի լիարժեք և օբյեկտիվ հետաքննություն անցկացնել, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն անհանգստություն է հայտնել ռազմագերիների նկատմամբ բռնության մասին նոր հաղորդագրությունների կապակցությամբ:
Ավելի վաղ սոցցանցերում նոր տեսանյութ էր տարածվել, որը վկայում է Ադրբեջանի զինված ուժերի սեպտեմբերի ագրեսիայի ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հետ անմարդկային վերաբերմունքի մասին: Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հաղորդմամբ` կադրերում երևացող երեք զինծառայողներից երկուսը սպանվել են գերի ընկնելուց հետո:
«Խորապես մտահոգված ենք սեպտեմբերի 12-14-ի մարտական գործողությունների ժամանակ ռազմագերիների նկատմամբ բռնության մասին նոր հաղորդագրություններով։ Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն լիարժեք և օբյեկտիվ քննության արդյունքում։ Հոկտեմբերի 4-ին Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը զգալի և դրական քայլ էր»,- ասված է բյուրոյի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:
Նշենք, որ երեկ տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները դիտավորյալ վնասում գերիների ոտքերն ու ստիպում ոտքի կանգնել։
Նշենք, որ հոկտեմբորի 11–ին տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները դիտավորյալ վնասում գերիների ոտքերն ու ստիպում ոտքի կանգնել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում մեկ այլ տեսանյութ էր տարածվել, որում ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից:
Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: