ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. 72-ամյա կնոջ տնից թոռնուհին և նրա ամուսինը խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր են գողացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, հոկտեմբերի 7-ին Կապան քաղաքի մի բնակչուհի ոստիկանություն հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել թոշակառու մոր բնակարան և գողացել 900 000 դրամ ու 3 ոսկյա զարդ:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կապանի ոստիկանները պարզել են, որ գողությունն արել են 72-ամյա տանտիրուհու 23-ամյա թոռնուհին և նրա 32-ամյա ամուսինը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նրանք ներկայացվել են Կապանի բաժին, որտեղ 32-ամյա երիտասարդը հայտնել է, որ հափշտակած փողը և ոսկյա զարդերը թաքցրել են Երևան քաղաքում վարձակալած բնակարանի ավտոտնակում:
Թոռնուհին ու ամուսինը ներկայացվել են նախաքննական մարմնին: