ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն (Վիվա–ՄՏՍ) չի մեկնաբանում ընկերության հնարավոր վաճառքի մասին լուրերը։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան` մամուլի ծառայությունում հղում են արել առևտրային գաղտնիքին` չտրամադրելով որևէ լրացուցիչ մանրամասն։
«Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, հարցմամբ պահանջված տեղեկությունները չեն կարող տրամադրվել, քանի որ դրանք հանդիսանում են ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ի առևտրային գաղտնիք»,– ասվում է պատասխանում։
Ավելի վաղ Civilnet.am կայքը հայտնել էր, որ ընկերությունն արդեն 5 ամիս է վաճառքի է դրվել։ Պարբերականի տվյալներով` կա 2 հավանական գնորդ` 1XBET ընկերությունը (բուքմեյքերական ընկերություն) և «Գազպրոմ»։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին հայտնի էր դարձել, որ կազմակերպությունը 2004 թվականից գլխավորող Ռալֆ Յիրիկյանը հրաժարական է տվել։ Նրան փոխարինել է Արմեն Ավետիսյանը։
Նշենք նաև, որ «ՄՏՍ Հայաստան» հեռահաղորդակցության ընկերությունն ընդգրկված է Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակում։