ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի իշխանությունը Զապորոժիեի ԱԷԿ-ը գրավելու ծրագիր է մշակել: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Ավելի վաղ Զապորոժիեի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Բալիցկին հայտնել էր, որ Դնեպրից Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածք ներթափանցելու փորձ կատարած շուրջ 30 դիվերսանտներ են ոչնչացվել:
«ԱԷԿ-ի գրոհ, որպես այդպիսին, չի եղել։ Ճշտված տեղեկություններով՝ մեր զինված ուժերը երկու հետախուզական նավակ են հայտնաբերել։ Նրանց խնդիրը ոչ թե ափ իջնելն է եղել, այլ մեր դիրքերն ու անվտանգության հենակետերը հայտնաբերելը։ Երբ նրանց բացահայտել են, Զելենսկու զինյալները կրակ են բացել։ Մեր մարտիկները պատասխանել են։ Այդ ամենը Դնեպրը անցնելու ու Զապորոժիեի ԱԷԿ-ը գրավելու ավելի ընդգրկուն ծրագրի մի մասն է», - ասել է Ռոգովը։
Նրա խոսքով` չի բացառվում, որ Ուկրաինան սադրանքի դիմի առաջիկա օրերին։
«Հավանական օրը հոկտեմբերի 14-ն է», - ընդգծել է Ռոգովը:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: