Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի ու Բաքվի միջև. Իրանի նախկին արտգործնախարար

Իրանի նախկին արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է միջազգային հարցերով Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։
«Այո, իհարկե», – պատասխանել է Վելայաթին այն հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հարևան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։
Նա նշել է, որ Իրանին մոտ գտնվող տարբեր տարածաշրջանների թվում առանձնակի նշանակություն ունի Անդրկովկասը։ «Այդ իսկ պատճառով մեր հարևանների (Հայաստանի և Ադրբեջանի) նկատմամբ մենք ավելի շատ զգայունություն և ուշադրություն ենք ցուցաբերում», – ընդգծել է Վելայաթին։
Ըստ նրա` երկրների միջև խաղաղության հաստատման կարևորագույն գործոններից մեկը համընդհանուր, բոլորին հայտնի պատմական սահմանների պահպանումն է։
«Որևէ երկրի կողմից հարևան երկրի սահմանների ցանկացած խախտում լարվածության աճ է առաջացնում այդ տարածաշրջանում և լոկալ պատերազմներ հրահրում, որոնց առաջին հետևանքը սադրիչ երկրների ներկայությունն է, օրինակ` ԱՄՆ–ի և Իսրայելի, որոնք հրադադարի հաստատման պատրվակով օգտագործում են իրավիճակն իրենց օգտին», – հավելել է Իրանի նախկին արտգործնախարարը։
Ադրբեջանի և Իրանի զորավարժությունները նախևառաջ միտված են իրանական սահմանի անվտանգությանը
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։