ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. ԵՄ քաղաքացիական առաքելության գործառույթների և լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի և այլ բնույթի մանրամասների վերաբերյալ հարցերը գտնվում են աշխատանքային քննարկումների տիրույթում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Պատասխանում ասվում է` հայկական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգային փաստահավաք և մշտադիտարկման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին։
ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի` Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով` ՀՀ ինքնիշխան տարածքում։ Հաշվի առնելով նշյալը, ԱԳ նախարարությունն արձանագրում է, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ։
«ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները, ինչպես արձանագրված է հայտարարության մեջ, վստահության ամրապնդումն է և իրենց դիտարկումներով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։
Ադրբեջանն էլ համաձայնել էր համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա։
Առաքելությունն աշխատանքները սկսելու է հոկտեմբերին, առավելագույնը 2 ամիս ժամկետով։