Ստեփանակերտի բնակիչը նռնակ է նետել ոստիկանի վրա

Ոստիկանության լեյտենանտ Լեռնիկ Բալասանյանը ստացել է մարմնական վնասվածքներ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի բնակիչը նռնակ է նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանը ստացել է մարմնական վնասվածքներ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ 32-ամյա Հ. Հ.-ի բնակարանում Ստեփանակերտի ՔՈՎ ուժեղացված խումբը հայտնաբերել է թմրանյութ։ Քաղաքացին,չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հանել է նռնակը և սպառնացել, որ եթե չհեռանան տնից, կպայթեցնի այն:
Հետո նա նռնակը ձեռքին լքել է տարածքը և թաքնվել «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի հարակից անտառային տարածքում։։ Ստեփանակերտ քաղաքի և քրեական հետախուզության վարչությունների ծառայողները համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ։
«Հ.Հ.-ն, նկատելով ոստիկանության ծառայողներին, դուրս է եկել գլխավոր մայրուղի և նռնակը նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Արդյունքում ոստիկանության լեյտենանտ Լեռնիկ Բալասանյանը ստացել է մարմնական վնասվածքներ։
Շտապօգնության օպերատիվ խումբն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո ոստիկանին տեղափոխել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանության ծառայողները Հ.Հ.-ին բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։ Կատարվում է քննություն։