ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացման գործում և քննարկել, թե ինչ պետք է անել դրանց շուտափույթ իրագործման համար։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
«Մենք, անշուշտ, այսօր ցանկանում ենք քննարկել, թե ինչպես են ընթանում Ադրբեջանի հետ ձեր բանակցությունները։ Ես գիտեմ, որ վերջերս շփումներ են եղել Եվրոպայում, ԶԼՄ-ներում տարբեր ասեկոսեներ ու ենթադրություններ կան։ Իհարկե, կարևոր կլինի այսօր դիտարկել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն ավելի արագ կյանքի կոչվեն», - ասել է Լավրովը։
Նա նշել է, որ կարգավորման համար շատ բան արդեն արվել է, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում, կան սահմանազատման «ուրվագծեր» ։
«Մեր մերձավոր հարևանների և ընկերների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը լիովին համապատասխանում է մեր շահերին, պատրաստ ենք ներդրում ունենալ այդ գործընթացում», - հավելել է ռուս նախարարը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել էին Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն էր տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: