ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ուկրաինայի հարցով կարգավորման ծրագրի հրապարակումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկացի գործարար Իլոն Մասկի հեռախոսազրույցի վերաբերյալ պնդումները:
Երեկ Մասկը նույնպես հայտարարել էր, որ ինքը նախագահ Պուտինի հետ չի քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումը:
«Ես միայն կարող եմ հաստատել, որ իսկապես մեկուկես տարի առաջ նրանք զրուցել են հեռախոսով»,- ասել է Պեսկովը:
«Vice» պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Մասկն իբր վերջերս հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Լրատվամիջոցը հղում էր արել ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերին, որն իր հերթին մեջբերել էր իր զրույցը հենց գործարարի հետ։ Բրեմերի խոսքով` Մասկը նրան ասել է, որ Պուտինը պատրաստ է բանակցությունների, բայց միայն այն դեպքում, եթե Ղրիմը մնա ռուսական, Ուկրաինան ունենա չեզոք կարգավիճակ և ճանաչի ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ներառումը Ռուսաստանի կազմում։