Մոլորակի «վառոդի տակառը» պայթելու մտադրություն չունի

Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ու Վլադիմիր Պուտինը
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ և էմիր Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի այցը Ռուսաստան լայն լսարանի համար անսպասելի էր. այցը հայտարարվեց երկուշաբթի, իսկ արդեն երեկ նա Սանկտ Պետերբուրգում շփվում էր Վլադիմիր Պուտինի հետ։
Sputnik
Որպես երկու առաջնորդների հանդիպման գլխավոր թեմա ԱՄԷ ԱԳՆ-ն իսկույն ևեթ նշեց Ուկրաինայի ճգնաժամի արդյունավետ քաղաքական լուծումներին հասնելու հարցում օգնությունը: Բայց երկու առաջնորդների զրույցի օրակարգը, բնականաբար, շատ ավելի լայն է` էներգետիկ շուկաների իրավիճակը, Սիրիան, Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Թե նախագահներն ուրիշ ինչ են քննարկել փակ դռների հետևում, միայն ենթադրել կարելի է, բայց կասկած չկա, որ առանցքում եղել են ամենասուր հարցերը, որոնք օրեցօր են ավելանում։
Ըստ էության, Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ ԱՄԷ ղեկավարը հանդես է եկել որպես ոչ միայն իր երկրի, այլև Պարսից ծոցի բոլոր միապետությունների ներկայացուցիչ։ Հաշվի առնելով, թե որքան արագ են զարգանում իրադարձությունները` դիրքորոշումները ամենաբարձր մակարդակով հստակեցնելու անհրաժեշտություն է առաջանում, քանի որ մեծ թվով ռիսկեր են ի հայտ գալիս, որոնք համատեղ հակազդեցություն են պահանջում։
Մերձավոր Արևելքն ու մասնավորապես Պարսից ծոցի տարածաշրջանը բավական բարդ իրավիճակում են գտնվում` իրենց գլխին կախված մեծ թվով սպառնալիքներով, և տարածաշրջանի երկրները ստիպված են մտածել սեփական գոյատևման մասին` այդ բառի բուն իմաստով։
Եվրոպան ատում է ռասիզմն ու ռուսներին
Ինչպես հայտնի է, Պարսից ծոցի միապետությունները տասնամյակներ շարունակ ամերիկյան ազդեցության գոտում էին և շատ կարևոր գործընկեր էին ԱՄՆ-ի համար։ Համագործակցությունը փոխշահավետ էր. Նահանգները փաստացի վերահսկողություն էր ստանում նավթի համաշխարհային շուկայի նկատմամբ, իսկ տարածաշրջանը պատսպարվում էր ամերիկյան ռազմական «հովանոցի» տակ, ինչը խիստ արդիական է, քանի որ Մերձավոր Արևելքն արդարացիորեն անվանում են մոլորակի վառոդի տակառ։
Բացի այդ, Պարսից ծոցի երկրները երկար տարիներ հույս ունեին Նահանգների հետ գործընկերությունից ևս մեկ չափազանց կարևոր բոնուս ստանալ՝ արդիականացում: Տարածաշրջանը խորապես հավատարիմ է իր ավանդույթներին, բայց վերնախավը վաղուց է հասկացել, որ նավթը հավերժ չէ. մի օր իրենց երկրների վրա թափվող դոլարային անձրևը կսպառվի, և այդ պահից հետ շատ կարճ ժամանակում հարց կդառնա, թե երբ կվերադառնա սովորական բեդվինյան աղքատությունը, որպիսին այստեղ եղել է հազարամյակներ շարունակ։
Իսկ դա նշանակում է, որ միանգամայն տրամաբանական կլիներ օգտագործել առկա հնարավորությունները` ԱՄՆ–ի բարձր զարգացած և առաջադեմ մարդկանց օգնությամբ նոր շուկայի հիմք դնելու համար՝ տեխնոլոգիական, արդյունաբերական և այլն։ Եվ ամերիկացիները դա բազմիցս խոստացել են նրանց։ Եվ ամեն անգամ խաբել։
Այնուհետև սկսեց վատ աշխատել ամերիկացիների ռազմական օգնությունը։ Երկուսուկես տարի առաջ ԱՄՆ–ն Սաուդյան Արաբիայից դուրս բերեց «Patriot» զենիթահրթիռային համալիրները, որոնք պաշտպանում էին երկրի նավթային օբյեկտները, և որոնց հարվածներ էին հասցնում եմենցի ապստամբները` հուսիտները։ Իսկ ամերիկյան պետական կառույցներում լիբերալ-ձախակողմյան ուժերի հզորացումը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ի պրագմատիկ քաղաքականությունը (որը մինչ այդ երբեք չէր միջամտում մերձավորարևելյան միապետությունների ներքին գործերին), վերածվեց քննադատության նրանց անբավարար ժողովրդավարականության և առաջադեմ մարդկության առջև անթիվ մեղքերի համար:
Ո՞ւր են Լիբիան, Իրաքը, Հարավսլավիան. ինչպես է իրագործվում ամերիկյան «ժողովրդավարացումը»
Մի խոսքով, արդեն մի քանի տարի է, ինչ տարածաշրջանի ղեկավարների համար ակնհայտ են դարձել իրենց երկրների և անձամբ իրենց համար խիստ անբարենպաստ հեռանկարները։ Մեծ հաշվով հենց դա է այդ պետություններին դրդել մերձենալ Ռուսաստանի հետ և ստեղծել «ՕՊԵԿ+» ձևաչափը, որը գործում է մասնակիցների, ոչ թե ԱՄՆ-ի շահերից ելնելով։
Իսկ այս տարին ցրեց բոլոր պատրանքներն ու հույսերը, որոնք գուցե ինչ–որ մեկը դեռ ուներ հեռացող գլոբալ հեգեմոնի վերաբերյալ. ԱՄՆ–ն ամբողջ աշխարհի աչքի առաջ նպատակաուղղված ոչնչացնում է Եվրոպա մայրցամաքը, որը, ինչպես էլ նայում ես, նույն արևմտյան քաղաքակրթությանն է պատկանում։ Ակնհայտ է, որ սեփական փրկության համար անգլոսաքսերը բոլոր մյուսներին «սպառելու են»` առանց մի վայրկյան տատանվելու։
Եվ հերթում առաջինը Մերձավոր Արևելքն է։
Ավելի ճիշտ՝ առաջինն Ուկրաինան էր, բայց դրա հրկիզման էֆեկտն այնքան մասշտաբային չեղավ, որքան ակնկալում էին։ Եվրոպան, իհարկե, արագացված տեմպերով փլուզվում է, բայց Ռուսաստանը ոչ միայն տպավորիչ կայունություն է ցուցաբերում, այլև հաջողացնում է չնվազեցնել գործունեության այլ ուղղություններում աշխատելու տեմպերը։
Իսկ դա նշանակում է, որ մերձավորարևելյան տարածաշրջանը և Պարսից ծոցի պետությունները հայտնվել են ոչ երկիմաստ և շատ լուրջ սպառնալիքի առջև։
Այս պահին ամերիկյան մեյնսթրիմը «ՕՊԵԿ+»-ին և Սաուդյան Արաբիային ուղղակիորեն մեղադրում է Ուկրաինայում ՌԴ–ի հատուկ գործողությանն օգնելու համար։ Այդ մասին մասնավորապես գրել է «The Washington Post»–ը։ Հենց այդպես են մեկնաբանել նավթի արդյունահանման կրճատման մասին որոշումը, որը կարտելն ընդունել էր անցյալ շաբաթ։
Ամերիկացիների պատասխանը չուշացավ։ ԱՄՆ-ի Կոնգրեսում օրինագիծ է նախապատրաստվում Սաուդյան Արաբիա ուղարկվող ամերիկյան զենքի մատակարարումների դադարեցման մասին, իսկ դա մեկ բան է նշանակում`ռազմական տեսանկյունից ավելի թուլացնել տարածաշրջանի կարևորագույն երկրին։
Բացի այդ, ամերիկացիների տրամադրության տակ են մնում Մերձավոր Արևելքում ազդեցության հզոր ոչ ֆորմալ գործիքները։ Օրինակ` հենց հիմա Իրանը վերջին տարիների ընթացքում որերորդ անգամ ստիպված է հաղթահարել դատարկ տեղում ուռճացված անկարգությունների ալիքը, որոնց աղբյուրն այս անգամ դարձել է քրդական համայնքը։
ՌԴ-ի հատուկ գործողությունը ցրեց Ուկրաինային մատակարարվող «սուպերզենքի» մասին միֆը. Շոյգու
Թեհրանի և Պարսից ծոցի միապետությունների միջև ավանդաբար շատ բարդ հարաբերություններ են, բայց տվյալ դեպքում դրանից ուրախանալու կարիք չկա, քանի որ տարածաշրջանի բոլոր պետությունները հայտնվել են նույն նավակում, որը ԱՄՆ–ն մտադիր է հրկիզել և խորտակել: Եվ մոլորակի այդ հատվածի ցանկացած երկրում կարելի է նույնատիպ խնդիրներ ստեղծել։ Էլ չասած, որ ամերիկացիները բացարձակ ոչ կոնվենցիոնալ զենք ունեն` ի դեմս ծայրահեղական գրոհայինների` իրենց ենթարկվող կազմակերպությունների, որոնք նրանք կարող են «քսի տալ» ում վրա ցանկանան։
Մոտեցող աշխարհաքաղաքական փոթորկին դիմակայելու համար տարածաշրջանին դաշնակից է պետք, որը ամուր տնտեսությունից, մի շարք ծայրահեղ նշանակալի տեխնոլոգիաների տիրապետումից, ամրության պատկառելի պաշարից և բազմաթիվ այլ արժանիքներից բացի, արդեն բազմիցս ապացուցել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ ռազմական դիմակայությունում հաղթելու իր ունակությունը, ընդ որում՝ նույնիսկ այն իրավիճակներում, երբ դասավորություններն ակնհայտորեն նրա օգտին չեն:
Հետաքրքիր է` ո՞վ կարող է լինել այդ դաշնակիցը։