Հայկական կողմը սահմանին աշխատող տեխնիկայի ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ

ՊՆ
Ադրբեջանը շարունակում է կեղծ լուրեր տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ« 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հերքում է Ադրբեջանի տարածած լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է ՊՆ–ի հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։