ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Բանկի աշխատակիցը հափշտակել է իրեն վստահված շուրջ 1,5 մլրդ դրամը (գործող փոխարժեքով՝ մոտ 3.6 մլն դոլար) և կատարել է փողերի լվացում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, Հայաստանում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետը, 2021 թվականի ապրիլից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, հափշտակել է բանկոմատների լիցքավորման համար նախատեսված խոշոր չափի կանխիկ դրամը՝ նախնական համաձայնության գալով «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցի հետ։
«Բանկի հիշյալ աշխատակիցը, հափշտակած գումարների հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, իր ազգականների անվամբ ձեռք է բերել շարժական և անշարժ գույքեր՝ այդ կերպ իրականացնելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 138.784.080 ՀՀ դրամի (գույքի) փոխարկում»,– ասված է հաղորդագրությունում:
Հանցագործության բացահայտումից հետո բանկի աշխատակիցը փորձել է փախուստի դիմել, սակայն Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի մեկնման սրահից բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: