Գունավոր «հրավառություն» Գառնու երկնքում. փառատոնին մասնակցեց 10 օդապարիկ

Sputnik Արմենիայի նկարահանող խմբի հետ Մարինա Ֆյոդորովան էր՝ այսօրվա միակ կին օդաչուն, որի հետ շուրջ 1 ժամ թռիչք են իրականացրել 1500-3100 մ բարձրության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. «Доброе утро». ահա այս արտահայտության ներքո էլ այսօր արթնացավ Գառնի գյուղը, որի երկնքում գունավոր «հրավառություն» էր կազմակերպվել՝ միաժամանակ թռիչք էր կատարում 10 օդապարիկ:
Գառնեցիները ողջունում են «Բացահայտիր Հայաստանը երկնքից» փառատոնի մասնակիցներին
Դե, իսկ մեզ իր ողջ հմայքով ու փայլով դիմավորեց Արարատ լեռը: «Բացահայտիր Հայաստանը երկնքից» Օդագնացության միջազգային փառատոնի շրջանակում մեկ տեղում հավաքվել էին հայ և ռուս զբոսաշրջիկները:
Հայ և ռուս զբոսաշրջիկները օդապարիկի մեջ
Այսօր թռիչքներ էին իրականացնում հայ և ռուս օդաչուները, առաջիկա օրերին նրանց կմիանան նաև Բրազիլիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ղազախստանի և Լեհաստանի օդաչուները:
«Բացահայտիր Հայաստանը երկնքից» փառատոնը Գառնիում
Փառատոնին մասնակցում էին և՛ զբոսաշրջիկներ, և՛ լրագրողներ։ Sputnik Արմենիայի նկարահանող խմբի հետ Մարինա Ֆյոդորովան էր՝ այսօրվա միակ կին օդաչուն։ Շուրջ 1 ժամ 1500-3100 մ բարձրության վրա էինք: Այդ ընթացքում Մարինան պատմեց, որ ինքը մասնագիտությամբ հաշվապահ է, մենեջեր է աշխատել տարբեր կազմակերպություններում, սակայն 5 տարի է` ինչ նոր ոլորտում է աշխատում:
Մարինա Ֆյոդորովա
Ասաց՝ ամուսինն է սկսել 2013 թվականից հետաքրքրվել օդապարիկներով, իրեն էլ «ներքաշել է այս աշխարհ»։
«Ես հաճույքով եմ անում այս գործը։ Արդեն ամբողջությամբ տարվել եմ այս ամենով»,- նշեց Մարինան։
Մարինա Ֆյոդորովա
Skyball ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ փառատոնը պետք է անցկացվեր հոկտեմբերի 13-16-ն ընկած ժամանակահատվածում, սակայն եղանակային պայմաններից ելնելով 1` օր շուտ են սկսել։ Առաջիկա երկու օրը կրկին թռիչքներ չեն լինի, քանի որ անձրևներ են սպասվում, սակայն, ամենայն հավանականությամբ, 15-ին և 16-ին փառատոնը կշարունակվի Գառնիում, ինչպես նաև Երևանում։
«Բացահայտիր Հայաստանը երկնքից» փառատոնը Գառնիում
Թռիչքի ավարտից հետո, ավանդույթի համաձայն, փառատոնի բոլոր մասնակիցներին տրվում են վկայականներ այն մասին, որ նրանք համարվում են օդապարիկավար, ապա վառում են առաջին անգամ թռչող անձի մազերից մի փոքրիկ փունջ, քանի որ կրակի շնորհիվ է, որ հնարավոր է լինում օդ բարձրանալ և մնալ այնտեղ։
Փառատոնի կազմակերպիչները վառում են Sputnik Արմենիայի լրագրողի մազերից մի փոքրիկ փունջ
Փառատոնին մասնակցելու է 15 օդապարիկ, որոնցից 10-ն այսօր արդեն կատարեցին իրենց առաջին թռիչքը Հայաստանի երկնքում, իսկ մյուս 5-ը դեռևս ճանապարհին են։ Օդաչուներից 3-ն կին է (2–ը`ռուս, 1–ը`գերմանացի)։