Գյումրիում փորձում են վերականգնել բալետային ավանդույթները

«Վարդուհի» արվեստի դպրոցի սաները պարապմունքի ժամանակ
Քչերը գիտեն, որ Գյումրիում բացի օպերայից, առաջին անգամ Հայաստանում նաև բալետ է ներկայացվել. Շարա Տալյանի ղեկավարությամբ, քսանական թվականներին, Լենինականում հիմնադրվում է օպերետային խումբ, որտեղ նաև պարողներ են եղել:
Sputnik
Sputnik Արմենիան «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակում ներկայացնում է Գյումրիի բալետային ավանդույթներն ու այդ ավանդույթների նոր կրողներին:
Ընդունված է համարել, որ հանրապետությունում առաջին անգամ բալետային կատարում ներկայացվել է 1926 թվականին, Երևանի պարարվեստի ուսումնարանում։ Սակայն փաստեր կան, որ Լենինականում՝ ներկայիս Գյումրիում, դեռ 1924 թվականի հուլիսին ներկայացվել է Գունոյի «Ֆաուստը»՝ բալետային հատվածով: Քաղաքում1923-1926 թվականներին բեմադրվել են Բիզե ու Գունո, Կալման եւ համաշխարհային դասական այլ հեղինակների օպերաներ՝ բալետի ներգրավմամբ:
«Վարդուհի» արվեստի դպրոցի սաները
Գյումրվա բալետի ավանդույթներին հավատարիմ՝ Գալյա Մատնիշյանը 5 տասնամյակ շարունակ, նույնիսկ ավերիչ երկրաշարժին հաջորդած տարիներին, նախկին «Պիոներների պալատում» դասական պարը փոխանցում էր սերունդներին: Մատնիշյանի աշակերտներց Աիդա Սուվարյանը եւ Լիլիթ Ավետիսյանն իրենք են արդեն «Վարդուհի» արվեստի դպրոցում դասական պարի ավանդույթները փոխանցում երիտասարդներին՝ նպատակ ունենալով աճեցնել բալետի պրոֆեսիոնալ պարուհիների: Դպրոցն այս տարի իր առաջին շրջանավարտներն է տվել:
«Այս ամենը լավագույն հիմքը կարող է հանդիսանալ, որ Գյումրին ունենա օպերայի ու բալետի կամերային թատրոն ու պարարվեստի ուսումնարան: Պետք է կարողանանք այս լավ նոր սերունդը պահել մեզ մոտ՝ սրանով էլ Գյումրին իրական մշակութային մնալու հնարավորություն կունենա»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց արվեստաբան Լևոն Լաճիկյանը։
Նա մտահոգված է առաջին շրջանավարտների ճակատագրով՝ յոթը տարի դասական պար սովորելուց հետո պարուհիները ստիպված են Երևան գնալ կամ այլ մասնագիտություն ընտրել, մինչդեռ կարող են մնալ ու դասական պարը տարածել նաև հայրենի քաղաքում: «7 տարի ուսանելուց հետո ունեցանք հրաշալի պարողներ, ովքեր իսկապես կարող են զարդարել ցանկացած բեմ»,-ասաց Աիդա Սուվարյանը:
Սոֆին ու Քնարիկը
Սոֆին ու Քնարիկը «Վարդուհի» արվեստի դպրոցի «Դասական պար» բաժնի առաջին շրջանավարտներն են: Նրանք Գյումրիում այն եզակի աղջիկներից են, ովքեր 7 տարի առաջ, լատինաամերիկյան պարերի փոխարեն, նախընտրությունը տվել են դասականին: Թեև հանուն արվեստի շատ բաներից են ստիպված հրաժարվել ու շատ դժվարություններ են հաղթահարել, բայց և իրենց կյանքն առանց բալետի այլևս չեն պատկերացնում:
«Կազմվածքին պետք է հետևել, ամեն ինչ չափավոր անել, համակարգիչը փոխարինել բալետային պարապմունքներով՝ դժվար էր սկզբում, հիմա արդեն չէ, բայց առանց պարի այլևս մեզ չենք պատկերացնում »,-ասում է Սոֆին:
1 / 6

«Վարդուհի» արվեստի դպրոցի սաները պարապմունքի ժամանակ

2 / 6

«Վարդուհի» արվեստի դպրոցի սաները պարապմունքի ժամանակ

3 / 6

«Վարդուհի» արվեստի դպրոցի սաները պարապմունքի ժամանակ

4 / 6

«Վարդուհի» արվեստի դպրոցի սաները պարապմունքի ժամանակ

5 / 6

«Վարդուհի» արվեստի դպրոցում՝ պարապմունքի ժամանակ

6 / 6

«Վարդուհի» արվեստի դպրոցի սաները պարապմունքի ժամանակ

Բալետն առաջին հերթին աղջիկների կեցվածքն է փոխել։ Ծիծաղում են՝ փողոցով քայլելիս կանգնեցնում -հարցնում են՝ պարուհինե՞ր եք:
Գյումրիում պարարվեստի ուսումնարան չլինելու պատճառով Սոֆին այս տարի ընդունվել է Շիրակի պետական համալսարան՝ զբոսաշրջության բաժին: Քնարիկը դեռ 9-րդ դասարանում է սովորում: Աղջիկները երազում են, որ քաղաքը շուտով կամերային թատրոն կունենա, որտեղ իրենք կկարողանան ներկայացնել դասական պարարվեստի բոլոր հմայքները: