ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հոկտեմբերի 30-ից կսկսի Երևան–Թբիլիսի– Երևան չվերթներ իրականացնել, տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից։
Առաջին թռիչքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Վրաստանի միջազգային օդանավակայան նախանշված է ս.թ. հոկտեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 16։55-ին, վերադարձը Թբիլիսիից`18:20–ին։
Թռիչքները նախատեսված են շաբաթական 3 անգամ` երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, նույն ժամերին։
«Համոզված ենք, որ նոր ուղղությունը պահանջված կլինի եւ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, մեր երկրների գործարար եւ մշակութային կապերի ամրապնդմանը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Նշենք, որ Երևան-Թբիլիսի-Երեւան երթուղին ավիաընկերության թվով հինգերորդ ուղղությունն է՝ Հուրգադայից, Շարմ Էլ Շեյխից, Մոսկվայից ու Սոչիից հետո:
Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրողն է, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: