ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Վաշինգտոնում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը քննարկվել է խաղաղության պայմանագրի ժամանակացույցը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Քննարկել ենք այդ հարցը, այսինքն` մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենալ։ Խոսել ենք նաև դելիմիտացիայի հարցի մասին, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։ Դելիմիտացիան և խաղաղության պայմանագիրը փոխկապակցված են։ Հայաստանի մտահոգությունը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո այսպես կոչված չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար»,– նշեց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ 1929 թվականին գործընթաց եղել է` Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիա, այժմ էլ պետք է փոխադարձ համաձայնության գալ, որ դա ընդունվում է որպես հիմք, ապահովվում է ՀՀ 29.800 ք/կմ տարածքը։
Նրա խոսքով` շարունակում է օրակարգում մնալ նաև ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։ ԱԽ քարտուղարը նաև ասաց, որ քննարկվել ապաշրջափակման հարցը, որը պետք է տեղի ունենա փոխադարձության սկզբունքի հիման վրա։
«Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը, որ որևէ հարց չենք քննարկելու, որը կունենա միջանցքային տրամաբանություն։ Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա սուվերենության հիման վրա»,– նշեց Գրիգորյանը։
Հանդիպման ընթացքում Գրիգորյանը, Սալիվանն ու Հաջիևը հիմնականում քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ ԼՂ հիմնախնդրի շուրջ հիմնական օրակարգային հարցն ըստ Գրիգորյանի եղել է միջազգային մեխանիզմ ստեղծելու հարցը, որպեսզի Ղարաբաղն ու Ադրբեջանը քննարկեն ԼՂՀ–ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները։