Դատախազությունն անդրադարձել է Ղրիմի ահաբեկչության գործով ՀՀ քաղաքացու ձերբակալման լուրին

ՀՀ դատախազության շենքը
Գլխավոր դատախազությունը առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկությունները հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:
Հաայտնել էինք, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության գործով ձերբակալվել են 8 մարդ՝ ՌԴ հինգ քաղաքացի, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։
Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, հետևողական են լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:
Դատախազությունից հայտնում են, որ արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: