Ադրբեջանի ԶՈւ–ն ՀՀ տարածքից դուրս բերելու հարցում Երևանը սպասում է ՌԴ աջակցությանը. ԱԳՆ

Հայկական կողմը Ռուսաստանից ակնկալում է միանշանակ դիրքորոշում, քանի որ այն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը ադրբեջանական զորքերը հայկական ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում։ Ինչպես հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, այս մասին ռուս գործընկեր Սերգեյ Լարվովի հետ Աստանայում կայացած հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը: Այս համատեքստում ընդգծվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքները, ինչպես նաև տնտեսական կապերի ապաշրջափակման հարցը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի` Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։
«Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում»,– ասված է հաղորդագրությունում։
Հումանիտար խնդիրների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման հրամայականը:
ՀԱՊԿ–ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան. Լավրովն ասել է` ինչ է պետք դրա համար
Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա` մասնակցելու հոկտեմբերի 12-14-ը կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Մոսկվան կառաջարկի Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողով անցկացնել. Ուշակով