Արտասովոր մարդը, կամ «գդալներ ծռելու վարպետ» Ուրի Գելերը նոր պետություն է հիմնել

Հայտնի իլյուզիոնիստ Ուրի Գելերը. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Շատերն են երազում սեփական կղզի ունենալ։
Sputnik
Հայտնի իլյուզիոնիստ Ուրի Գելերն իր երազանքն իրականացրել է և 2009 թվականին 30 հազար ֆունտ ստեռլինգով գնել է Շոտլանդիայի ափերի մոտ գտնվող Լեմբ անմարդաբնակ կղզին։ Այն բավական փոքր է՝ մոտավորապես ֆուտբոլային դաշտի չափ, սակայն, ինչպես պնդում է Գելերը, հենց այդ կղզում են խաչվում աշխարհի «ուժի կենտրոններից» ձգվող ճառագայթները։
Բացի այդ, ըստ բրիտանացի պատմաբան Ուոլտեր Բոուերի, այս կղզում են գտնվում եգիպտական փարավոնի դուստր Սկոտայի գանձերը։ Ոմանք հավատում են, որ այդ կինն անհիշելի ժամանակներում տեղափոխվել է Բրիտանական կղզիներ, և հենց նրանից են սերվում բոլոր շոտլանդացիները։ Սակայն թաքցրած գանձերի մասին տեղեկություններն այդպես էլ չի հաջողվել ստուգել այն պարզ պատճառով, որ կղզում պեղումներ իրականացնելն օրենքով արգելված է։ Ի վերջո, Ուրի Գելերը այս տարի որոշեց կղզում ստեղծել նոր պետություն։
Դուք էլ կարող եք այդ պետության քաղաքացիություն ձեռք բերել՝ վճարելով ընդամենը 1 ֆունտ ստեռլինգ։ Ի դեպ, շտապե՛ք, քանի որ ֆունտն այնքան է արժեզրկվել, որ հավասարվել է դոլարին։ Նոր պետության հիմնադիրը նաև հավաստիացնում է, որ ստացված գումարը կնվիրաբերվի «Փրկեք երեխայի սիրտը» բարեգործական հիմնադրամին, որի նպատակն է աջակցել սրտի հիվանդություններով տառապող փոքրիկներին։ Բայց ամենագլխավորը՝ այս նոր պետության քաղաքացիությունը չափազանց հրատապ է հատկապես հայաստանցիներիս համար, քանզի նոր երկրի Սահմանադրության մեջ ամրագրված է հարևան աստղ բնակիչների՝ այլմոլորակայինների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու վճռականությունը։ Այսինքն` առաջին հայացքից Գելերի նպատակները միանգամայն ազնիվ են՝ օգնել երեխաներին և «խաղաղության դարաշրջան» հաստատել մեր տիեզերական տարածաշրջանում։ Ուղղակի, առայժմ անպատասխան է մնում մի հարց՝ իսկ ո՞վ է Ուրի Գելերը։
Նա ծնվել է Թել Ավիվում և ասում է, թե մայրը՝ Մենսի Ֆրոյդը, հոգեբանական վերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի ազգականն է, թեև այդ պնդումը հաստատող որևէ փաստ գոյություն չունի։ 1960-ականների վերջերից Գելերը, որին շատերը պարզապես աճպարար էին անվանում, իսկ ինքը հավաստիացնում էր, թե արտակարգ ունակություններ ունի և կարող է տեղից տեղ շարժել առարկաները, նախաձեռնեց իր շոուները, և այնքան հայտնի դարձավ, որ մի անգամ, երբ լրագրողները հարցրին Իսրայելի այն ժամանակվա վարչապետին, թե ինչ է սպասում երկրին հաջորդ տարի, Գոլդա Մեիրը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, հարցրեք Ուրի Գելերին, ինքն ամեն ինչ գիտի»։
1971 թվականին Գելերը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, որտեղ հիմնականում զբաղվում էր իր ենթադրյալ գերբնական ունակությունները ցուցադրելով՝ մտքի ուժով գդալներ էր ծալում։ Բայց մի անգամ, ինչպես ասում են` անհարմար բան ստացվեց։ Ջոնի Կարսոնի հայտնի հեռուտաշոուի ժամանակ Գելերին առաջարկեցին ծռել ոչ թե իր հետ բերած, այլ ստուդիայում եղած գդալները։ Ոչինչ չստացվեց, և Գելերը կես ժամ շարունակ արդարանում էր ուղիղ եթերում։ Որքան էլ զարմանալի թվա, դա ամենևին չազդեց Գելերի հեղինակության վրա։ Դե մենք հո արդեն հրաշալի գիտենք, որ անպակաս են այն մարդիկ, որոնք շարունակում են հավատալ իրենց կուռքին՝ նույնիսկ իմանալով, որ նա իրենց պարզապես խաբում է։
Պատկերացրեք, որ Գելերին հավատաց նույնիսկ Կենտրոնական հետախուզական վարչությունը, որը նրան մասնակից դարձրեց «Սթարգեյթ» կոչվող նախագծին։ Դրա նպատակն էր բացահայտել գերբնական ունակություններով օժտված մարդկանց և օգտագործել նրանց հատուկ առաջադրանքներ կատարելու համար։ Ինքը՝ Գելերը, պնդում է, թե պատմական դեր է խաղացել` ստիպելով Սովետին միջուկային սպառազինության սահմանափակման վերաբերյալ պայմանագիր ստորագրել։ Փաստն այն է, որ 1994 թվականին ամերիկացիները որոշեցին հրաժարվել «Սթարգեյթ» ծրագրից։
Եթե այնուամենայնիվ որոշել եք դառնալ շոտլանդական պստիկ կղզում ծվարած նոր պետության քաղաքացի, մի երկու խոսք էլ նրա գործունեության անհավանական պտուղների մասին։ Գիտե՞ք, օրինակ, թե ինչու Եղիսաբեթ երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, ապրեց այդքան երկար՝ գրեթե 100 տարի։ Որովհետև «ընդունելության ժամանակ նրան առողջության հզոր լիցք էր հաղորդել» Ուրի Գելերը։ Կամ՝ հիշում եք, իհարկե, թե ինչպես անցած տարի մի բեռնատար նավ լռվեց ու փակեց նավարկությունը Սուեզի ջրանցքում։ Ո՞ւմ շնորհիվ հաջողվեց տեղաշարժել վթարված նավը։ Շատ ճիշտ եք, նույն Ուրի Գելերի։
Սակայն ամենազարմանալին նրա պնդումն է, թե 1996 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ժամանակ հենց ինքն է ապահովել Անգլիայի հաղթանակը Շոտլանդիայի նկատմամբ՝ շեղելով 11-մետրանոցից խփած գնդակի ուղղությունը։ Լավ, մարդ շոտլանդական կղզում պետություն հիմնի, բայց երկրպագի Անգլիայի՞ն։ Իսկապես որ՝ արտասովոր մարդ է։
Հայագիտությունը Ռուսաստանում. ինչպես շոտլանդացին գրաբարով գրավեց օտար գիտնականներին