ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Գրիգորյանը Վիննիկովին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, և Երևանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ վերոնշյալ հարցի շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախանշել զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։