ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Օտարերկրյա հատուկ ծառայությունները Ուկրաինայում շուրջ 300 զինյալ են նախապատրաստել Բելառուսի շրջկենտրոններից մեկը գրավելու համար։ Այս հայտարարությունն արել է հանրապետության պետանվտանգության կոմիտեի նախագահ, գեներալ-լեյտենանտ Իվան Տերտելը «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում:
«Բելառուսի տարածքում շրջկենտրոնի զինված գրավումը հարձակողական գործողության հետագա զարգացման պլացդարմն է, դրա համար օտարերկրյա հատուկ ծառայությունները 100-ից մինչև 300 զինյալ են պատրաստել Ուկրաինայի տարածքում», - ասել է Տերտելը:
Նրա խոսքով՝ օտարերկրյա հրահանգիչները գրոհայինների մասնագիտական պատրաստվածությամբ են զբաղվում ոչ միայն Ուկրաինայի տարածքում, այլև Լեհաստանում և Լիտվայում։
Տերտելն ընդգծել է, որ Արևմուտքը մշակում է մարտավարական միջուկային զենքի օգտագործման տարբերակը, դրա համար հարևան երկրների տարածքում ռազմական նշանակության որոշակի ենթակառուցվածք է նախապատրաստվում՝ երկարաժամկետ ծրագրերի հաշվարկով:
«Դրա հետ մեկտեղ այստեղ խաղադրույքներն ավելանում են, որովհետև Արևմուտքը, ըստ մեր տվյալների, կարծում է, որ ինքը ոչ մի դեպքում չպետք է պարտվի։ Այդ պատճառով քննարկվում է նաև մարտավարական միջուկային զենքի կիրառման հնարավորությունը կամ այն խմբավորումների օգտագործումը, որոնք ստեղծվում են մեր երկրի և մեր դաշնակիցների նկատմամբ ուղղակի ագրեսիայի համար», - նշել է Բելառուսի ՊԱԿ ղեկավարը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 10-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է համատեղ տարածաշրջանային զորախումբ տեղակայելու մասին: Բելառուսի նախագահը նաև հայտարարել էր, որ ոչ պաշտոնական խողովակներով Մինսկին զգուշացրել են, որ Ուկրաինայի տարածքից պատրաստվում են հարվածներ հասցնել Բելառուսին, և նա հանձնարարել Է Կիևին տեղեկացնել, որ պատասխանը կոշտ է լինելու։