ԵԽԽՎ-ում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը

Թինի Կոքս. Արխիվային լուսանկար
ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ նման գործողությունները բացասաբար են ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպայի Խորհրդի խոհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Կոքսը աշնանային նստաշրջանի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի վերջին ռազմական գործողություններին և կոչ է արել կողմերին կրկնապատկել ջանքերը հակամարտության խաղաղ, կայուն լուծում գտնելու հարցում։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։
«Կարևոր խնդիրներ կան Եվրոպայում, դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերջին տագնապալի էսկալացիան է, որի պատճառով երկու կողմն էլ զոհեր ունի։ Այս ամենը բացասաբար է ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։ Կոչ եմ անում հայ և ադրբեջանցի պատգամավորներին օգտագործել այս վեհաժողովը որպես հնարավորություն` ամենաբարդ հարցերը քննարկելու և կառուցողական երկխոսություն հաստատելու համար»,– ասել է Կոքսը։
Հիշեցնենք՝ Եվրոպայի Խորհրդի խոհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանն անցկացվում է հոկտեմբերի 10-14–ը։
Եվրոպան մոռացել է ինքնորոշման իրավունքի մասին. Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։