ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. «Օրենքով գող» Ա. Ջ.-ի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել։
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ջ.-ն քրեական ենթամշակույթի վարքագծի կանոններով միջամտել է Լոռու մարզի Օձուն գյուղի երկու բնակիչների միջև վեճին։
Խնդիրը պարզելու համար նա հեռախոսային խոսակցություն է ունեցել նրանցից մեկի` Ա․ Մ․-ի հետ` պահանջելով հաշտվել համագյուղացու` Վ.Բ.–ի հետ։
Ա․ Մ․-ն մերժել է ու ընդհատել խոսակցությունը, ինչը «օրենքով գողը» համարել է իրեն հասցված վիրավորանք ու յուրայիններին հրահանգել պատժել Ա.Մ.-ին:
Նույն օրը նրա հրահանգով ոմն Ա.Զ.Ջ. հանդիպել է Ա․Մ․-ին, սակայն վերջինը որսորդական հրացանից կրակել ու սպանել է իրեն պատժելու եկած անձին։
Հաշվի առնելով, որ նշված արարքում առկա է նախկին Քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), հսկող դատախազի որոշմամբ Ա.Ջ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: