ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հերքել է լուրն այն մասին, որ ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը:
«Ո՛չ, դա ճիշտ չէ։ Ես Պուտինի հետ խոսել եմ միայն մեկ անգամ, և դա 18 ամիս առաջ էր։ Խոսակցությունը տիեզերքի մասին էր»,- գրել է Մասկը Twitter-ում։
Այսպես նա պատասխանել է օգտատերերից մեկին, որը խնդրել է հաստատել «Vice»-ի հրապարակումը։
«Vice» պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Մասկն իբր վերջերս հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Լրատվամիջոցը հղում էր արել ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերին, որն իր հերթին մեջբերել էր իր զրույցը հենց գործարարի հետ։ Բրեմերի խոսքով` Մասկը նրան ասել է, որ Պուտինը պատրաստ է բանակցությունների, բայց միայն այն դեպքում, եթե Ղրիմը մնա ռուսական, Ուկրաինան ունենա չեզոք կարգավիճակ և ճանաչի ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ներառումը Ռուսաստանի կազմում։