Կարևոր է աշխատել, քան խոսել. Գյումրու փոխքաղաքապետը վերցնում է պատգամավորական մանդատը

Տպավորությունը, թե Գյումրին երեք քաղաքապետ ունի, քաղաքը համատեղ կառավարելու հուշագրից է առաջացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը կվերցնի պատգամավորական մանդատը: Այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց հենց ինքը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատգամավոր Վահագն Հովակիմյանը հոկտեմբերի 7-ին ընտրվեց ԿԸՀ նախագահ։ Հովակիմյանից հետո ՔՊ-ի ընտրացուցակում հաջորդ համարը Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն է:
«Վստահեցնում եմ՝ ես Գյումրիից չեմ գնում, փոխում եմ աշխատանքիս վայրը, նպատակները մնում են նույնը»,-ասուլիսի ժամանակ նշեց Դավիթ Առուշանյանը:
Գյումրու փոխքաղաքապետը չի հերքում՝ գործադիր մարմնում ավելի հեշտ էր, օրենսդիրում դժվար կլինի, թեև վստահեցնում է՝ գյումրեցի պատգամավոր է ու գյումրեցիների բոլոր խնդիրնեը կփորձի օրենսդիր դաշտ բերել։
«Գիտեմ, որ կարևոր է ԱԺ ամբոնից հարցեր բարձրացնել ու խոսել, բայց կարծում եմ՝ ավելի կարևոր է աշխատել, քան խոսել»,-նշում է Դավիթ Առուշանյանը՝ չհերքելով՝ հեղափոխական մեթոդների սիրահար է ու կնախընտրեր, որ Գյումրու հաջորդ փոխքաղաքապետը ևս նման մեթոդներով աշխատի:
«Այնպես չէ, որ շատ գոհ եմ իմ աշխատանքից ու շատ փայլուն փոխքաղաքապետ եմ եղել: Ես ինքս ինձ քննադատորեն եմ վերաբերում»,-հավելում է Դավիթ Առուշանյանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե տպավորություն է, որ Գյումրին երեք քաղաքապետ ունի, Առուշանյանը նշեց՝ դա Գյումրին համատեղ կառավարելու հուշագրից է առաջացել:
Մոտ 17 մլն դրամ. Գյումրիում պարգևատրեցին «ալամ աշխարհի» մարզիկներին
Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններից հետո համագործակցության հուշագիր էին ստորագրել, համաձայն որի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել և ընտրվել «Բալասանյան» դաշինքը գլխավորած Վարդգես Սամսոնյանը, իսկ 2 փոխքաղաքապետի պաշտոններն անցել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
«Հուշագրում գրված է «համատեղ կառավարում», և մենք միանշանակ մեծ ներդրում ունենք քաղաքի կառավարման մեջ, բայց դա չի նշանակում որ երեք քաղաքապետ կա. Գյումրին ունի մեկ քաղաքապետ՝ Վարդգես Սամսոնյան, ու երկու փոխքաղաքապետերը»:
Հարցին՝ ո՞վ է փոխարինելու իրեն այդ պաշտոնում, Դավիթ Առուշանյանը նշեց,որ այս պահին քաղաքական որոշում չկա։