Կախարդական շոու Երևանում. «Մանկական Եվրատեսիլի» կենտրոնական բեմը խորհրդանշում է հոլը

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի բեմը
Հայաստանն արդեն սկսել է աշխատանքը մասնակից 16 պատվիրակությունների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ։
Ըստ հաղորդագրության` կենտրոնական բեմը խորհրդանշում է հոլը, որը շրջապատված է պտույտն արտացոլող թելերով: Այդ գունավոր թելերը շողում են նաև բեմի վերևում` հանդիսատեսին և հեռուստադիտողին փոխանցելով յուրաքանչյուր ելույթի էներգիան: Մինիմալիստական լուծումներով և տեխնիկապես հագեցած այս բեմը թույլ կտա մասնակիցներին այն համապատասխանեցնել իրենց ելույթների և շոուի պահանջներին:
«Մեր նպատակն էր ստեղծել ժամանակակից և տեխնոլոգիապես հագեցած բեմ, որը կարտահայտի մեր տեսլականը, ինչպես նաև կբավարարի մասնակիցների ստեղծագործական պահանջները: Մենք արդեն սկսել ենք աշխատանքը մասնակից 16 պատվիրակությունների հետ, և պատրաստվում ենք իսկապես կախարդական շոու պարգևել դեկտեմբերին»,- ասել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը:
Հիշեցնենք` մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
ՀՀ–ում «Մանկական Եվրատեսիլ» շոուին մասնակցելու համար մրցույթ է հայտարարվել
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը։