ՅՈւՆԵՍԿՕ-ում ներկայացվել է Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Քրիստիան Տեր-Ստեփանյան. Արխիվային լուսանկար
Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը զգուշանում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կարող են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ականատեսը դառնալ, այդ է պատճառը, որ խոչընդոտում է անկախ տեխնիկական առաքելության աշխատանքը։ Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Դեսպանը հույս է հայտնել, որ գլխավոր տնօրենը կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքների առաքելության ուղարկման ուղղությամբ։
Ադրբեջանի վերջին սադրանքի պատճառով վտանգված է 500 հուշարձան. Դումանյանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է նաև սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Նա, մասնավորապես, ընդգծել է այս ծանր ժամանակահատվածում կրթության շարունակականության ապահովման կարևորությունը, որը պահանջում է ինչպես ազգային զգալի ռեսուրսների ներդրում, այնպես էլ՝ միջազգային հանրության ներգրավվածություն։
Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումների վրա, որոնք վկայում են ադրբեջանական հասարակությունում արմատացած հայատյացության ծայրահեղ բարձր մակարդակի մասին։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերի 172 դպրոցներում սովորող 24873 դպրոցական և 69 մանկապարտեզների 5808 նախադպրոցական տարիքի երեխաներ զրկվել են կրթության իրավունքից: